Ինչպես բազմաթիվ այլ երկրներ իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում, Հայաստանն այսօր նույնպես կանգնած է արմատական բարեփոխումներ իրականացնելու և երկրի ամբողջական արդիականացման անհրաժեշտության առջև: Բարեփոխումների նպատակն է լուծել երկիրը ժամանակակից եվրոպական չափանիշներին հասցնելու խնդիր-մարտահրավերը:
Ինչպես ամենուրեք աշխարհում, Հայաստանում ևս երիտասարդությունն է, որ պիտի ստանձնի համարձակ բարեփոխումների և արդիականացման համար սոցիալական բազայի և ակտիվ պաշտպանի գործառույթը: Երիտասարդությունն է նաև, որ պետք է ի վիճակի լինի հակազդելու Հայաստանի Նախագահի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը խոչընդոտող բոլոր տեսակի գործոններին, հատկապես երկրի ներսում:
Հայաստանին, իր արմատական բարեփոխումների քաղաքականությունն իրականացնելու համար, անհրաժեշտ է ունենալ, լավ կազմակերպված երիտասարդական շարժում: Երիտասարդության այս շարժումը նաև կխթանի բարեփոխումների պահանջարկը երկրում և դրանց ընկալումը հասարակության կողմից:
Ծրագրի նպատակն է հնարավորինս կարճ ժամկետում երիտասարդ հասարակական կազմակերպությունների կազմակերպական հիմքի վրա ձևավորել համահայաստանյան երիտասարդական շարժում, որին կանդամակցեն առնվազն 8-10 հազար երիտասարդներ, որոնցից 5 հազարը Երևան քաղաքում, իսկ մնացածը մարզերում` հնարավորինս հավասար համամասնություններով:
Սույն նախաձեռնությունը հետապնդում է հետևյալ խնդիրները.
-
ապահովել քաղաքականությամբ անմիջականորեն զբաղվելու և երկրին առնչվող կարևորագույն որոշումներին և իրադարձություններին մասնակցելու հնարավորություն,
-
ապահովել ռոմանտիկ քաղաքական ժամանցի համար լայն հնարավորություն, ինչն այլ պայմաններում հաճախ որոշիչ է լինում երիտասարդության համար զանազան հեղափոխություններին և անկարգություններին մասնակցելիս,
-
ապահովել հասարակության մեջ ավելի մրցունակ լինելու հնարավորություն,
-
իր նախասիրությունները, տաղանդներն ու ստեղծագործական էներգիան լավագույնս իրացնելու հնարավորություն զանազան ասպարեզներում,
-
փոքր և մեծ հանրային բարիքներից այս կամ այն չափով օգտվելու առավել կարճ ճանապարհի ստեղծում,
-
մոդայիկ գործընթացներում լինելու բնական ցանկության բավարարելու լավ հնարավորություն,
-
բարեփոխումների և դրական փոփոխությունների կրողը լինելու պատմական դերի ստանձնում:
|