10 Մարտ 2010
 
 
Նորություններ
 
09/10/2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

"Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ" ծրագրի շրջանակներում ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման անդամների հանդիպումները Մեծ Վարպետների հետ տեղի են ունենում տարբեր տեղերում` տանը, աշխատավայրում, արվեստանոցում:

Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Լինելով մասնագիտացված մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը ներկայացնում է 60-ակաների սերնդի ներկայացուցիչների և երտասարդների աշխատանքներ:

 

Այս հիանալի միջավայրում ՄԻԱՍԻՆ շարժման անդամները հանդիպեցին ժամանակակից հայ լավագույն գեղանկարիչ` Հակոբ Հակոբյանի հետ: Մեծ արվեստագետը, ով վերջերս նշեց իր 85-ամյա տարեդարձը, չափազանց ուրախ էր տեսնել մեծ թվով բարեկիրթ երիտասարդների, որոնք եկել էին զրուցելու գեղանկարչի հետ և որոնց հետաքրքրում էր իր գործունեությունը և արվեստը:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ Ալեքսանդրիայում (Եգիպտոս): Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի Գեղարվեստի և Փարիզի Դրան Շոմիե ակադեմիայում (1952-1954): Մասնակցել է երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953թ. Բուխարեստ,2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958թ. Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959թ., 1961թ.):

 

1962-ին իրականացավ Մեծ Վարպետի երազանքը, և նա հայտնվեց բազմաթիվ այլ հայրենադարձների շարքում, և ընտանիքով վերադարձավՀայաստան: Գեղանկարիչը թախծով լցված պատմում էր այն տարիների մասին, երբ գտնվում էր հայրենիքից հեռու: Օտարության մեջ ապրելու տարիներին Հ. Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդհանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգևիճակը: Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են "Նետրոնային ռումբի` ոչ", "Սումգայիթ" և այլ կտավներում:

 

Երիտասարդները բազմաթիվ հարցեր էին տալիս նկարչին` իր երիտասարդ տարիների, առաջին սիրո, առաջին նկարի մասին, որով Հակոբ Հակոբյանը ճանաչվեց որպես նկարիչ, հետաքրքրվում նրա հետագա ծրագրերով: Նա ուրախ է, որ երկար է ապրել: "Որովհետև մարդը, երբ երկար է ապրում, կարողանում է իր մեջ եղած շատ բաները հայտնաբերել: Եթե շուտ է գնում, ուրեմն իր հետ է տանում", - բացատրում էր նկարիչը: "Ես ուրախ եմ, որ երկար ապրեցի և արեցի գործեր ինձ համար, որոնք կարող էի չանել, եթե հինգ տարի պակաս ապրած լինեի կամ տասը տարի պակաս": Նկարիչն իրեն համարում է կայացած արվեստագետ, ասելով, որ միշտ երազել  է ուրիշի ձեռքի տակ չաշխատել և իր նկարչությամբ ապրել:  "Եվ հիմա, եթե այս տարիքին արհեստանոց ունեմ, մի պատառ հաց ունեմ և կարողանում եմ նկարել և ընկերներ ունեմ, որոնց կարող եմ սերս արտահայտել և նրանց սերը ստանալ` ես կյանքի մեջ ավելի բարձր բան չեմ պատկերացնում…"


Ժամանակակից երիտասարդ նկարիչների արվեստը Մեծ Վարպետը բարձր է գնահատում, ասելով, որ շնորհալիները շատ են, սակայն այնպես, ինչպես ժամանակին իրեն ցնցեց Մինաս Ավետիսյանի արվեստը և մնաց իր հոգում` որպես անգերազանցելի արվեստագետ, այդպիսի ապրումներ մինչ օրերս չի ապրել:

 

Թանկ էին բոլոր այն խորհուրդները, որոնք տվեց Մեծ նկարիչը ՄԻԱՍԻՆ-ի անդամներին. "Մարդու ամենակարևոր վիճակը սեր արտահայտել դիմացինին և սեր տալ, ավելի բարձր վիճակ գոյություն չունի: Հասարակության մեջ պետք է լինի այն գիտակցությունը, որ մենք պետք է իրար պահպանենք, լինենք բարի, քանի որ միայն բարի մարդը կարող է ճիշտ խոսել":



Նայել այս բաժնի պատկերասրահը

Հետ