18/10/2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ
"Ըստ էության, արվեստագետը պատճենում է այն, ինչ իր ներսում է: Նրա ներսում եղածը հենց դա է իր իրականությունը"(Մարկ Շագալ):
Այս խոսքերը հիրավի կարելի է ասել ՀՀ ժողովրդական արտիստ տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մասին, որի հետ տեղի ունեցավ ՄԻԱՍԻՆ շարժման անդամների հերթական հանդիպումը: Հանդիպման վայրը կոմպոզիտորի սիրված գրող` Ե.Չարենցի տուն-թանգարանն էր:
Տիգրան Մանսուրյանը կարճ ժամանակով էր գտնվում Հայաստանում: ՄԻԱՍԻՆ-ի անդամները ուրախ էին, որ չնայած խիստ զբաղվածությանը կոմպոզիտորը սիրով ընդունեց հանդիպման առաջարկը: Տիգրան Մանսուրյանը հայտնի է որպես լայն հորիզոնի տեր, ակտիվ որոնումներով ապրող երաժիշտ, որն իր գործունեության ընթացքում մեծ ու նվիրական աշխատանքով բացահայտեց իր ստեղծագործական հզոր ուժը:
Լինելով բազմակողմանի զարգացած անձնավորություն` կոմպոզիտորը չի սահմանափակվել միայն երաժշտական արվեստով: Հայ և համաշխարհային հին ու նոր գրականությունը, կերպարվեստը, ազգային արվեստի մյուս բոլոր բնագավառները մշտապես գրավում են նրան, մնում նրա ուշադրության կենտրոնում:
Ստեղծված ջերմ մթնոլորտում Տիգրան Մանսուրյանը երիտասարդներին պատմեց իր կյանքի ուղու մասին, այն ճանապարհի մասին, որն անցել է Մեծ երաժիշտը: Կոմպոզիտորը ծնվել է Բեյրութում, այնուհետև ընտանիքի հետ հայրենադարձ եղել Հայաստան` Արթիկի շրջան: Մեծ ոգևորությամբ էր նկարագրում կոմպոզիտորը այդ շրջանը, որն անմոռանալի տպավորություն էր թողել իր վրա: 13 տարեկան հասակում առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտության հետ: Դպրոց, երաժշտական ուսումնարան, կոնսերվատորիա` այս էր Մեծ երաժշտի ուսման Ճանապարհը: Առանձնահատուկ ոգևորությամբ պատմում էր Տիգրան Մանսուրյանը իր հանդիպումների և զրույցների մասին իմաստուն ու հզոր գեղանկարչի` Մարտիրոս Սարյանի հետ, հիշում իր ուսուցիչներին` Էդ. Բաղդասարյանին և Ղ.. Սարյանին:
Տիգրան Մանսուրյանը առայժմ աշխատում է դրսի պատվերների և համագործակցության առաջարկների վրա, որովհետև նրանք են, որ ապահովում են մաեստրոյի ներկայացրած պայմանները, այդ թվում` ֆինանսական: Վերջին տարիների ընթացքում կոմպոզիտորը ստեղծել է հետաքրքիր, խորիմաստ բազմաժանր ստեղծագործություններ, որոնք սիրով կատարվում են Եվրոպայի տարբեր երկրներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում: Կոմպոզիտորը նշեց մի ուրախալի փաստ, որ այսօր հայ արվեստագետները, ապրելով երկրագնդի տարբեր մասերում, արվեստի աշխարհին ներկայանում են իրենց անվան տակ` բարձր պահելով Հայկական մշակույթի արժեքները, մինչդեռ Խորհրդային տարիներին այդպիսի հնարավորություններ չկային:
Երիտասարդները հետաքրքրվում էին կոմպոզիտորի կողմից կինոյի համար գրված երաժշտությամբ: Մաեստրոն ասաց, որ Խորհրդային երկրի փլուզումից հետո կինոյի համար երաժշտություն այլևս չի գրել` համարելով, որ երաժշտության այդ ժանրը մի քանի արվեստագետների համագործակցության արդունք է:
"Կինոյով քո մեղեդիները տարածվում են, էկրանից անվերջ հնչում են, եթե էկրանից դուրս եկան, իրենց առանձին կյանքով ապրեցին` առավել ևս հնչում են, և դու բավարարվածության կեղծ զգացում ես ունենում, որովհետև դու իրականում կաս այնքանով, ինչքանով որ համագործակցել ես մի մեծ օրգանիզմի մեջ":
Տիգրան Մանսուրյանը մեծ ցանկություն ուներ կամերային ժանրի ստեղծագործությունները ներկայացնել փոքր սրահներում, ինչպես որ դեռևս Բեթհովենյան ժամանակներում կատարվում էին կվարտետներ, կվինտետներ, կոնցերտներ փոքր նվագախմբի համար: Սակայն այդպիսի արվեստասեր բարերարներ այդպես էլ չգտնվեցին և այդ մտահղացումը մնաց միայն երազանք:
Կոմպոզիտորը բարձր է գնահատում դասական երաժշտությունը և կյանքի տարբեր ժամանակահատվածներում ու տարբեր հոգեվիճակներում գտնվելու պահերին լսում է այս կամ այն կոմպոզիտորի երաժշտությունը: Կոմպոզիտորը դեմ է դասական ստեղծագործությունները փոփոխությանն ենթարկելու փաստին` համարելով դրանք աղավաղումներ:
Տիգրան Մանսուրյանը անելիք միշտ շատ ունի` փառատոններ, համերգներ, հանդիպումներ, նորանոր ստեղծագործություններ: Մաեստրոն ժամանակակից հայ երաժշտության մեջ ստանձնել է բարձր առաքինություն` աշխարհի տարբեր մասերում ապրող հայ նոր սերնդին ներկայացնել հայ երաժշտությունը` իր նոր կերպարներով ու նոր արտահայտչական միջոցներով:
"Նորը տեսնելու համար նոր աչքեր են պետք": Կոմպոզիտորը իր արվեստում երկար ժամանակ փնտրում էր այն կատարյալ լեզուն, "որ մարմնավորում է բոլոր լեզուները": Այսօր արդեն նրա երաժշտությունը թարգմանության կարիք չունի:
2009թ. հունվարին Տիգրան Մանսուրյանը նշելու է իր 70-ամյա տարեդարձը: Այդ ժամանակ նա գտնվելու է Իտալիայում: ՄԻԱՍԻՆ շարժման անդամները, հրաժեշտ տալով սիրված կոմպոզիտորին, մաղթեցին նրան քաջ առողջություն և հույս հայտնեցին հաղորդակից լինելու նրա ստեղծագործությունների կատարմանը նաև Հայաստանում: Մեծ մաեստրոն խորհուրդ տվեց երիտասարդներին երբեք չլքել ընտրած ուղին, որոշել կյանքի նպատակը և միշտ հավատարիմ մնալ բարոյական սկզբունքներին:
Նայել այս բաժնի պատկերասրահը
|