06 Փետրվար 2012
 
 
Նորություններ
 
30/10/2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՐԱՍԱՆ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՐԱՍԱՆ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ "Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ" ծրագրի շրջանակներում ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման անդամները այցելեցին ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանդիպումը տեղի ունեցավ Համազգային թատրոնում:Երիտասարդները հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին Մեծ դերասանին:

Սոս Սարգսյանը պատմեց իր մանկության ու երիտասարդ տարիների մասին: Իր մանկությունն ու պատանեկությունը անցել է խորհրդային տարիներին: "Դա իրարամերժ պետություն էր,-ասում է նա,- որտեղ կային և լավ, և վատ կողմեր. կար շատ ուժեղ վախի զգացում` մեղադրվելու և պատժվելու որպես հակաժողովրդական: Սակայն կար նաև պատվի հասկացություն, տենչ կար սովորելու, իմանալու, գիրք կարդալու, և փոխհարաբերություններն այդ ժամանակ ավելի մաքուր էին":

Երիտասարդների հարցին, թե ինչպես որոշեց դառնալ դերասան, նա պատասխանեց, որ երբեք մտադրված չի եղել դերասան դառնալ, դա ստացվեց ինքնըստինքյան: Ապագա դերասանը 7-րդ դասարանում էր, երբ դեր խաղաց դպրոցում բեմադրված մի ներկայացման մեջ: Ներկայացումից հետո Սոս Սարգսյանին հրավիրեցին թատրոնում աշխատելու:  

1947
թ. Ստեփանավանում Սոս Սարգսյանին բախտ վիճակվեց խաղալ տաղանդավոր դերասաններ` Գուրգեն Ջանիբեկյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ "Պլատոն Կրեչետ" և "Նամուս" ներկայացումներում: Չնայած թատրոնում հասած հաջողություններին, Սոս Սարգսյանը մի քանի անգամ գնացել է թատրոնից և չի էլ պատրաստվել ապագան կապել դերասանության հետ, սակայն մի խորհրդավոր երազ տեսնելուց հետո, նա հասկացավ, որ ճակատագիրը կամեցավ, որ դերասան լինի: "Թատրոնը ինձ պինդ պահեց",- ասում է նա:

Ինչ վերաբերում է կինոյին, ապա այստեղ էլ Սոս Սարգսյանը հայտնվեց  ոչ իր կամքով: Իր ընկերոջ` Հենրիկ Մալյանի պարտադրմամբ նա նկարահանվեց "Եռանկյունի" ֆիլմում, որը հիանալի դերասանների մի համաստեղություն էր: Խոսելով "Նահապետ" ֆիլմում իր դերի մասին` պատմեց, որ նախապատրաստական աշխատանքները տևեցին մեկ տարի: "Գրականություն էինք կարդում, որը մեծ դժվարությամբ էր գտնվում: Եղեռնի մասին խոսելը արգելված էր, նյութեր չկար", - պատմում է նա: Չորս ամիս ռեժիսորի և օպերատորի հետ աշխատեցին սցենարի վրա: Ինչ վերաբերում է "Ձորի Միրո" ֆիլմում իր դերին, ապա Սոս Սարգսյանը համարում է այդ դերը իր լավագույնն ու հաջողվածը, իր կյանքի դերասանական հաջողությունը: 

Երիտասարդներից մեկի հարցին, թե ինչ մասնագիտություն կընտրեր, եթե դերասան չդառնար, պատասխանեց, որ կմնար հողագործ, իր հոր նման: Մեծ վարպետը հաճախ է  երազում տեսնում հողը, դաշտը:

Սոս Սարգսյանը մեր օրերի երիտասարդների մասին բարձր կարծիքի է, միայն տենչ չի տեսնում: "Ջահելը պարապ չպետք է մնա",- ասում է Մեծ վարպետը: "Մեր հնարավորությունները քիչ էին, սակայն մենք ձգտում ունեինք, ձեր հնարավորությունները շատ են, դուք ձգտում չունեք":   Ջերմ ու անկեղծ անցավ հանդիպումը: Շատ կարևոր խորհուրդներ տվեց շարժման անդամներին Մեծ դերասանը:

"Եթե հիշեք և անեք իմ ասածից ինչ որ բան, ես երջանիկ կլինեմ":
 


Նայել այս բաժնի պատկերասրահը

Հետ
   Page Rank Check