04 Սեպտեմբեր 2010
 
 
Նորություններ
 
18/11/2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբերի 18-ին ՄԻԱՍԻՆ շարժման անդամները հանդիպեցին հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանի հետ:

Լինելով անկեղծ և սկզբունքային մարդ, որն իր երգերում արտահայտում է բոլոր այն մտքերը և հույզերը, որոնք հարազատ են երիտասարդությանը, Ռուբեն Հախվերդյանը սիրված ու ընդունելի է շատերի համար:

Երիտասարդները բազմաթիվ հարցեր էին տալիս հեղինակ-կատարողին և ստանում բավականին անկեղծ պատասխաններ: Շփվելով երգահանի հետ` հանդիպման մասնակիցները բացահայտեցին մի երևույթ, որը թեև շատ հարցերում ընդդիմացավ նրանց, սակայն դրանով հասկացրեց, թե ինչպես է պետք պայքարել այն արատների դեմ, որոնք անհանգստացնում են ոչ միայն ՄԻԱՍԻՆ շարժման անդամներին, այլև գրեթե ողջ հասարակությանը:

Մեծ ցավով էր նշում բազմաթիվ երգերի և խոսքերի հեղինակը հայոց լեզվի առկա իրավիճակի մասին: "Եթերից գրեթե ամեն օր հնչեցվում է աղավաղված հայերեն: Ոչ մի երկրում սեփական լեզվի նկատմամբ նման անտարբեր, անբարյացակամ վերաբերմունք չկա: Մեր մեծերից մեկն ասել, թե մեր լեզուն է մեր հայրենիքը, սակայն այսօր, եթե նայենք մեր լեզվին, ապա մենք հայրենիք չունենք, սա է մեր իրականությունը":

Ինչ վերաբերում է  Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությանը, ապա այդ հարցին երիտասարդները ստացան շատ հետաքրքիր պատասխան. "Ես իմ երգերը միշտ էլ չեմ սիրել, չեմ սիրում և չեմ սիրի: Իր ստեղծագործությունը կարող է սիրել միայն ինքնասիրահարված տղամարդը": Ավարտված ստեղծագործությունը հեղինակ-կատարողի համար այլևս հետաքրքիր չէ, նա միշտ ձգտում է նոր գործեր գրելուն: Սակայն իր երգերն անչափ հոգեհարազատ ու ցանկալի են տարբեր սերնդի ներկայացուցիչների համար ու չնայած դրան երգահանը ասում է, որ իր համար էական չէ հայտնի լինելը, առաջնային խնդիր է համարում ապրելը:

Երիտասարդների խնդրանքով երաժիշտը կատարեց իր նոր երգերից մեկը` "50-ից հետո":

Հանդիպումն անցավ անկեղծ ու ջերմ մթնոլորտում: Ռուբեն Հախվերդյանը տվեց անչափ կարևոր և բովանդակալից խորհուրդներ, որոնք շատ պետք կգան նույնիսկ ամենախոհեմ մարդուն:


"
Խոսեք ճիշտ հայերեն և պայքարեք  "աղբի" դեմ"` սա էր այն կոչը, որը մեծ "փիլիսոփան" հղեց ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման անդամներին:



Նայել այս բաժնի պատկերասրահը 

 

Հետ
   Page Rank Check