10 Մարտ 2010
 
 
Նորություններ
 
12/12/2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 12-ին ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման անդամները հանդիպեցին հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական, ՀՀ ԳԱԱ-ի նախկին նախագահ, ներկայումս վարչապետի խորհրդական` Ֆադեյ Սարգսյանի հետ:

Կան մարդիկ, որոնք ապրում են իրենց կյանքը մեծ նվիրումով և հավատարիմ մնալով իրենց խղճին և գաղափարներին: Այդպիսին է մեծ գիտնական և հասարակական գործիչ Ֆադեյ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Ֆադեյ Սարգսյանը պատմեց իր բազմաբովանդակ իրադարձություններով հարուստ ու հագեցած կյանքի մասին:
Ֆադեյ Սարգսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է, ակադեմիկոս, թղթակից անդամ: Նրա հետազոտությունների հիմնական բնագավառներն էին Հայաստանի համար արդիական և այդ ժամանակ չափազանց կարևոր էլեկտրոնային հաշվողական տեխնիկան, կառավարման ավտոմատացված համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի կառավարումը: Նա ավելի քան 200 գիտական հոդվածների հեղինակ է:

Ներկայումս Ֆադեյ Սարգսյանը, չնայած պատկառելի տարիքին, հանդիսանում է վարչապետի խորհրդական, աշխատում է ակտիվ և հավատարիմ իր գործին` փոխանցելով իր հարուստ փորձն ու գիտելիքները:

Սիրով և հարգանքով էր հիշում Ֆադեյ Սարգսյանը իր ընկերներին, բոլոր այն նվիրյալ մարդկանց, որոնց ուժով և եռանդով կառուցվում ու ոտքի էր կանգնում այդ ժամանակվա Հայաստանը: Առանձնահատուկ վերաբերմունք ուներ Ֆադեյ Սարգսյանը ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հանդեպ` նշելով այդ անձնավորության անգնահատելի ներդրումը գիտության զարգացման գործում:

ՄԻԱՍԻՆ շարժման անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ֆադեյ Սարգսյանին և ստացան հանգամանալից պատասխաններ: Երիտասարդները ներկայացրեցին ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման գործունեությունը: Ֆադեյ Սարգսյանը կարևորեց երիտասարդների գործունեությունը և խորհուրդ տվեց շարունակել նույն եռանդով ու ոգևորությամբ:

Հրաժեշտ տալով ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման անդամներին` Ֆադեյ Սարգսյանը ցանկացավ երիտասարդներին հաջողություն իրենց գործում և նվիրեց իր "Կյանքի դասեր" գիրքը:

Երիտասարդները հեռացան չափազանց ոգևորված և մեծ տպավորություններով:



Նայել այս բաժնի պատկերասրահը

Հետ